Պատմություն - Դպրոց N:155

Փնտրել
Go to content

Main menu:

Պատմություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արև  է  եղել  աշխարհում, եղել  է  ծիծաղ  ու  արցունք,
Ծաղկել  են  ծառերն  ամենուր,  ու  հոսել  ջրեր  ոսկեբեր:
Աշխարհի  փոքրիկ  այս  վայրում` եղեգնյա  մի  գրիչ  վերցրած,
Ուսում  են  տվել  անմռունչ  այս  բարի, լուսավոր մարդիկ:



    Տարիներ  առաջ  էր`  1973թ.-ին: Երևանի  նորակառույց  թաղամասերից  մեկում  մեծ  իրադարձություն  էր   տեղի  ունեցել. շահագործման  էր  հանձնվել  կրթության  նորակառույց  օջախներից  մեկը` հ. 155  միջնակարգ  դպրոցը: Իր 40 ամյա  պատմության  ընթացքում   գիտության  այս  դարբնոցը` տնօրեն  Ի. Անդրեասյանի գլխավորությամբ ծաղկելու  էր  ու  բարգավաճեր: Անկախության  դժվարին  ու   ծանր  տարիներին  դպրոցի  ղեկավարությունը  ստանձնեց  Վ. Մինասյանը,որը մինչ այդ կրթօջախի  կազմակերպիչն էր: Դժվար էր  այդ  տարիներին, բայց  դպրոցի  տնօրենի  և  ուսուցիչների  անմնացորդ  նվիրումի, համառ   ու  տքնաջան  աշխատանքի  շնորհիվ  ուսումնական  գործընթացը կանգ  չառավ, այլ  շարունակվեց: Ցավոք,  երջանկահիշատակ  Վ. Մինասյանը  վաղաժամ  հեռացավ  կյանքից:  Անկատար  մնացած  նպատակների  իրականցնողը  դարձավ  դպրոցի  նախկին  սան ներկայիս   տնօրեն   Լ.  Դանիելյանը, ով  շարունակեց  կրթօջախի  բարի  ավանդույթները: Այսօր  մեր  հարազատ  կրթօջախում  բնականոն  սերնդափոխություն  է  տեղի  ունենում: Հիմնադիր  ուսուցիչների  կողքին, ովքեր  կրթել  են  մի  քանի  տասնյակ  սերունդներ, աշխատում են  նրանց  սաները` փոխանցելով  իրենց   գիտելիքներն  ու  հոգու  լույսը  նոր  սերնդին:
2009  թ.-ին  կրթօջախի  տարեգրության  մեջ   գրանցվեց  ևս  մեկ  հիշարժան  իրադարձություն. դպրոցն  անվանակոչվեց   անվանի  գրող,  հրապարակախոս,  մեծ  հայրենասեր  Լ. Միրիջանյանի  անվամբ:  
    Շատ  հագեցած  է  անցնում  դպրոցականների  առօրյան: Դասերից  զատ` այն  լի  է բազմաբովանդակ  և  հետաքրքիր, նաև  ուսուցանող  ու  դաստիարակող  միջոցառումներով, բաց  դասերով: Տիկին Լ. Դանիելյանի  նախաձեռնող, պրպտող  ու  անհանգիստ  բնավորության  շնորհիվ  դպրոցը  կահավորված  է  ժամանակակից  տեխնոլոգիաների  միջոցներով`  էլէկտրոնային  գրատախտակներ, համակարգիչներ, քանի որ <<Իրազեկ  ես, ուժեղ  ես>>  կարգախոսով   առաջնորդվում  են  թե  ուսուցիչները, թե  սաները: Իսկ  դպրոցի  մուտքի  ցուցանակի  վրայի  կարգախոսը`<<Սա  մեր  դպրոցն  է, այստեղ  մենք  տանն  ենք>>  ,  ավելի  խոսուն   ու  արտահայտիչ  է, քան  հազարավոր  բառեր:
Դպրոց  ոտք  դնողն  անմիջապես  զգում  է  այդ  ջերմությունը: Ամեն  տարի  մեր  40  ամյա  կրթօջախը  իր  սրտի  դռները  լայն  բացել  է  մատաղ  սերնդի  առջև, սիրասուն  մոր  պես  գիրկն  առել, գգվել, սիրել  ու  փայփայել, հարկ  եղած  դեպքում  հանդիմանել, ձեռքը  բռնել, որ  զավակը  չշեղվի  կյանքի  ճշմարիտ  ուղղուց  և  արցունքն  աչքերին  ճանապարհել  մեծ  կյանք` հասարակությանը  նվիրելով    արժանավոր  ու  պիտանի  մարդիկ: Դպրոցը  շատ  ընտանիքների, գերդաստանների  համար  արդեն  քանի  սերունդ  մնում  է  անփոփոխ  ու  սիրելի`նորից  հաստատելով, որ  հարազատ  օջախը  չի  թուլացրել  իր  ջերմությունը  և  սիրով   սպասում  է հաջորդ  սերունդներին:
Սիրելի  դպրոց, հարազատ  կրթօջախ, մարդու  համար  40  ամյակը  շատ  չէ, կյանքը նոր է  սկսվում, իսկ  դու  մարդու պես  ես`կյանքով  ապրող, կյանք  պարգևող;  Ուզում  եմ, որ շարունակես  կերտել  քո  պատմությունը  երկար  ու  ձիգ  տարիներ:


 
Copyright © School-155
Back to content | Back to main menu